Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Գարեգին Երկրորդ․ «Սիրիական ճգնաժամը ցավալի հետևանքներ է ունենում տարածաշրջանի քրիստոնյաների կյանքում»

Գարեգին Երկրորդ․ «Սիրիական ճգնաժամը ցավալի հետևանքներ է ունենում տարածաշրջանի քրիստոնյաների կյանքում»
12.06.2014 | 11:55

«Մերձավոր Արևելքի երկրները կարևոր դերակատարություն են ունեցել մեր պատմության մեջ, հատկապես` Սիրիան, որ անցյալ դարասկզբին Հայոց ցեղասպանության դժվարին տարիներին իր դռները բացեց մեր զավակաց առջև և ողջունեց մեր ժողովրդի՝ խաղաղ կյանք կառուցելու ձգտումն ու ցանկությունը», - ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ ելույթ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխատանքներն սկսած «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդակցության ժամանակ:
«Մեր ժողովուրդը երախտագետ է արաբ ժողովրդին և աղոթքով է հիշում իսլամ ու քրիստոնյա հավատքի բազմաթիվ անձանց, ովքեր նեղության պահին օգնեցին հայերին: Մենք խոր ցավ ենք զգում ականատես լինելով Մերձավորարևելյան տարածաշրջանում շարունակվող ճգնաժամին: Պատերազմի չարիքը խլել է մեծաթիվ անմեղ մարդկային կյանքեր՝ անկախ տարիքից, սեռից ու կրոնական համոզումից: Այս իրականությունն ավելի ողբերգական է, երբ տեղի է ունենում 21-րդ դարի սկզբին, քրիստոնեական երրորդ հազարամյակի արշալույսին, որին մարդկությունն սպասում էր, ակնկալելով, որ պիտի դառնա ազատության և արժանապատվության, ազգերի ինքնորոշման և մարդկային իրավունքների պաշտպանության ծաղկման և հանդուրժողականության դարաշրջան», - ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը:
«Սիրիական ճգնաժամը ցավալի հետևանքներ է ունենում տարածաշրջանի քրիստոնյաների կյանքում: Բոլորովին վերջերս սպանվեցին կաթոլիկ քահանաներ և միանձնուհիներ, բռնի կերպով կրոնափոխ արվեցին քրիստոնյա ընտանիքներ, Ասորի ուղղափառ եկեղեցու և Անտիոքի պատրիարքության մեր երկու հոգևոր եղբայրները տևական ժամանակ գտնվում են գերության մեջ և նրանց ճակատագիրն առայժմ անհայտ է, - նշել է Վեհափառը՝ շարունակելով.- Այս տարվա գարնանը Սիրիայի Քեսաբի շրջանը, որ մեծ մասամբ կառուցվել և բնակեցվել է հայերի կողմից, Թուրքիայի աջկացությամբ և նրա բանակի անմիջական մասնակցությամբ գրավվեց արմատական խմբավորումների ձեռքով, իսկ այնտեղ ապրող խաղաղ բնակիչները արտաքսվեցին: Ներկայումս շարունակվում է Թուրքիայի աջակցությունը սիրիական ընդդիմադիրներին, որոնց կողմից ավերվում են հայկական թաղամասերը Հալեպում և Դամասկոսում: Թուրքիո այս քայլերը մեր ժողովուրդը իրավացիորեն գնահատում է որպես ցեղասպանության քաղաքականության շարունակություն»:
«Մենք զորակցում ենք հակամարտությունները խաղաղ կարգավորելու բոլոր ջանքերին՝ դատապարտելով ցանկացած բռնարարք, որ իրականացվում է հանուն հավատի և Աստծու անունից», - հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոսը:
«Մեր ժողովուրդը բազմադարյա իր պատմության ընթացքում ճաշակելով պատերազմների և տարագրության դառնությունը, գիտի խաղաղության արժեքը: Այսօր, երբ կանգնած ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակության հարյուրամյա տարելիցի նախաշեմին, կարող ենք հաստատել, որ չորս սերունդների հերթափոխը մոռացության չի մատնել մեր ժողովրդի կրած կորստի և տեղահանության ցավը: Այդ նույն ապրումներն ու զգացումները վերստին արձագանք գտան քսանհինգ տարի առաջ, երբ Ղարաբաղի հայերը հայտնվեցին իրենց հայրենի հողից արտաքսվելու վտանգի առջև», - ասել է Վեհափառ հայրապետը: «Մեր ժողովուրդը հաստատուն է հակամարտությունները խաղաղ ճանապարհով վճռելու դիրքորոշման մեջ: Այսօր Ղարաբաղում մեր ժողովուրդը ազատության ու անկախության համար պայքարում է դիվանագիտական ճանապարհով, նույնիսկ երբ դեռ չենք հանդիպել հակառակ կողմի նույն հանդուրժող ոգուն: Նույն համատեքստում ցանկանում ենք անդրադառնալ Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների մերժման փաստին: Արձանագրությունների՝ առանց նախապայմանների վավերացման դեպքում Հայաստանի և Թուրքիայի միջև պիտի հաստատվեին բնականոն հարաբերություններ՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղ զարգացումների»:
«Խաղաղության ձգտումն ու համոզմունքը քրիստոնեական հավատի ոգին է և բազմադարյա մեր ժառանգության արդյունքը: Մենք ուրախ ենք, որ Սիրիայում ապրող քրիստոնյաների և պատերազմի դժվարությունները կրող բոլոր մարդկանց վիճակը կարեկցանքի և մարդասիրության դրսևորմամբ, խաղաղության հասնելու ձգտումով քննարկման առարկա է պետական և հասարակական տարբեր հարթակներում, այսօր նաև՝ այս սրահում», - նշել է Ամենայն հայոց կաթողիկոսը:
Ժողովականներին Հռոմի Ֆրանցիսկոս պապի անունից ողջունել է Վաշինգտոնի Պատվո արքեպիսկոպոս կարդինալ Թեոդոր Էդգար ՄըքՔարիքը: Անտիոքի և Համայն Արևելքի Իգնատիուս Աֆրեմ Երկրորդ պատրիարքի ուղերձը ներկաներին է փոխանցել արքեպիսկոպոս Դիոնիսիոս Ժան Կավաքը: Ողջույնի խոսքեր են փոխանցվել նաև Ռուս ուղղափառ եկեղեցու, Անտիոքի և Համայն Արևելքի Հույն ուղղափառ եկեղեցու, Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի անունից:
Երկօրյա խորհրդակցության նիստերի ընթացքում կքննարկվեն հետևյալ նյութերը` «Քաղաքական զարգացումները Սիրիայում և մարդասիրական հեռանկարները», «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունքում», «Հայկական համայնքները Մերձավոր Արևելքում և Սիրիայում և դրանց հեռանկարները»:
Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը երեկ Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են անցած տարվա նոյեմբերին կայացած վիլնյուսյան գագաթնաժողովից հետո տեղի ունեցած զարգացումները և Արևելյան գործընկերության ձևաչափով հետագա աշխատանքները, հուլիսին կայանալիք ԱլԳ անդամ երկրների արտգործնախարարների նիստի օրակարգը:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նազարյանն իր ելույթում շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը՝ հնարավորինս զարգացնել Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական միության հետ գործակցությունը:

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ